Հիմարությո՞ւն, թե՞ դավաճանություն

Գոյություն ունի բավական հետաքրքրաշարժ տեսություն, որը հակադրվում է Դարվինի էվոլյուցիայի դասական վարկածին։ Համաձայն դրա, միլիոնավոր տարիներ շարունակ մեր մոլորակի վրա ընթացել է կենդանի արարածների բնավ ոչ էվոլյուցիա (զարգացում), այլ ինվոլյուցիա (դեգրադացիա)։ Իսկ կապիկն իրականում առաջացել է մարդուց։
Միանգամայն հնարավոր է, որ տեսությունն այդ մոտ ապագայում ձեռք բերի մեծաթիվ կողմնակիցներ։ Հատկապես նրանց շրջանում, ովքեր հետևում են հայրենի քաղաքական կյանքին։ Մի՞թե դեգրադացիայի հետևանք չեն, օրինակ, հայտարարություններն առ այն, որ խորհրդարանական ընտրությունների նշանակումը ապրիլի 2-ին «անբարո» է, անարգում է քառօրյա պատերազմի ժամանակ զոհվածների հիշատակը։
Իսկ պատկերացնո՞ւմ եք, թե ինչ մեղադրանքներ կթափվեն, ասես առատության եղջյուրից, մինչեւ ընտրություններն ընկած ժամանակահատվածում։ Դավաճանությունը կարող է թվալ ամենամեղմը։
Կարելի է չսիրել իշխանությանը, նույնիսկ ատել նրան։ Բայց մեր երկիրը փաստորեն պատերազմական վիճակում է, եւ նման մեղադրանքներ տեղալը հենց ամենաիսկական անբարոյականությունն է, որ կա։ Իսկ թե ինչի դա կարող է հանգեցնել, պատմությունը ցուցադրել է բազմիցս։
1916 թվականի նոյեմբերի սկզբին Պետրոգրադում բացվեց IV Պետական դումայի նստաշրջանը։ Առաջին իսկ օրը Ժողովրդական ազատության կուսակցության («Կադետների կուսակցություն») առաջնորդ Պ.Ն.Միլյուկովը հանդես եկավ ճառով, որը թնդաց ողջ երկրում (նույնիսկ սահմաններից դուրս) եւ համարվում է կարեւոր փուլաշրջան դեպի հեղափոխություն Ռուսաստանի ճանապարհին։
Ճառը պատմության մեջ մտավ «Հիմարությո՞ւն, թե՞ դավաճանություն» անվանումով։ Մերկացնելով կառավարությանը՝ բանախոսն օգտագործում էր այդ հռետորական հարցը որպես կրկնատող։ Ընդհանրապես Համաշխարհային պատերազմի երրորդ տարում կառավարությանը (բառի լայն իմաստով, այսինքն՝ ներառյալ ե՛ւ ցարին, ե՛ւ թագուհուն) չէր հայհոյում միայն ալարկոտը. 1914 թվականի հայրենասիրական վերելքը վաղուց անցել էր։
Բայց Միլյուկովը ժողովրդական ազատության գործին նոր ազդակ հաղորդեց՝ չսահմանափակվելով կառավարության եւ անձամբ վարչապետ Բ.Վ.Շտյուրմերի պարզ քննադատությամբ. դրանով արդեն ոչ մեկին չես զարմացնի։ Նա հարցը բարձրացրեց սկզբունքորեն նոր մակարդակի՝ մեղադրելով կառավարությանը գիտակցված դավաճանության համար։ Դա, իհարկե, թարմ մոտեցում էր։
Ճառի առանցքային պահ դարձավ հոդվածի մեջբերումը գերմանական Neue Freie Presse թերթից. «Որքան էլ ռուսացել է ծերուկ Շտյուրմերը, այդուհանդերձ բավական տարօրինակ է, որ մեր դեմ պատերազմը ղեկավարելու է գերմանացին։ Հանձին Շտյուրմերի ձեռք է բերվել զենք, որը կարելի է օգտագործել ըստ ցանկության...»։
Միլյուկովի ճառը տարածվեց համայն Ռուսաստանում եւ ասես դարձավ ժողովրդական այն ասեկոսեների հաստատումը, թե գերմանուհի թագուհին ուղիղ հեռախոսակապ ունի Բեռլինի հետ։ Որի միջոցով կայզեր Վիլհելմին հայտնի են դառնում ռուսական բանակի հրամանատարության բոլոր ծրագրերը։ Բայց մի բան են ասեկոսեները (ժողովուրդն ինչ ասես խոսում է), այլ բան է կուսակցության առաջնորդի հեղինակավոր կարծիքը։ Հո չէ՞ր կարող ստել։
Իշխանությունը ոչ մի կերպ չպատասխանեց. եթե անտեսենք, որ մեկ շաբաթ անց Շտյուրմերը հեռացվեց վարչապետի պաշտոնից։ Այդ պաշտոնազրկումը մեկնաբանվեց որպես կառավարության կողմից Միլյուկովի իրավացիության անուղղակի ընդունում։ Գահի վարկն ընկավ աղետալի ցածր մակարդակի։ Ռուսաստանը սրընթաց գլորվում էր դեպի 1917-ի Փետրվար։
Հեղինակ՝ Վարդան Բարսեղյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Հունվարի 12-ի համարում