Առաքելական եկեղեցին հունվարի 13-ը նշում է որպես Հիսուսի անվանակոչության օր

Ըստ ավանդույթի՝ աշխարհի տարբեր երկրներում հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը նշվում է Հուլյան` հին տոմարով Նոր տարին: Հայ Առաքելական Եկեղեցու համար հունվարի 13-ի խորհրդի, կարևորության և նշանակության մասին լրագրողների հետ հանդիպմանը զրուցեց Արարատյան Հայրապետական թեմի Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը:
«Հին տոմարով Նոր տարին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է որպես Տիրոջ անվանակոչության օր»,-նշեց հոգևոր հովիվը:
Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանի խոսքով` հունվարի 13-ին Հայաստանի բոլոր եկեղեցիներում սուրբ պատարագ է իրականացվում: «Այն անվանակոչության տոն է, երբ փառաբանվում է Հիսուսը»,-ասաց քահանան:
Հայրապետյանն ընդգծեց, որ նախկինում հայերը հին տոմարով Նոր տարին չեն նշել, և ցանկալի է, որ հանրությունը, որն ամսի 13-ին ակտիվորեն այցելում է եկեղեցի, գիտակից լինի և իմանա, որ Առաքելական Եկեղեցու զավակները հունվարի 13-ը տոնում են վերածնվելու, նորովի աշխարհն ընկալելու, երջանիկ լինելու, Փրկչին մոտ լինելու համար:
«Կցանկանամ, որ ամեն Նոր տարվան մենք ավելի շատ մտածենք մեր հոգևոր զարգացման, հոգևոր արժեքների մասին և մասնակցենք սուրբ պատարագին, մկրտությանը»,-շեշտեց Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը:
Հունվարի 13-ը համարժեք է դեկտեմբերի 31-ին: Հուլիոս կայսեր սահմանած Հուլյան տոմարից հետ նոր` Գրիգորյան տոմարը, հաստատվել է 1582թ. հոկտեմբերին: Հռոմի Գրիգոր 13-րդ պապը նկատել է, որ Հուլյան (հին) տոմարը մինչև 16-րդ դարը տվել է 10 օրվա տարբերություն: Այդ տարբերությունը հայտնի է դարձել գարնանային գիշերահավասարից: Գրիգոր 13-րդ պապը հմուտ աստղաբաշխների, ժամանակի հայտնի աստղագետների և մաթեմատիկոսների օգնությամբ հաստատել է նոր տոմարը: