Սկսվում է աշխարհի փոքր առաջնությունը

Առաջիկա երկու շաբաթներին մեծ ֆուտբոլը վերստին կլրացնի սիրված խաղի միլիոնավոր երկրպագուների առօրյան: Արդեն ուղիղ երկու տասնամյակ աշխարհի հերթական առաջնության շունչն առարկայական է դարձնում Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունը, որը համաշխարհային ստուգատեսից մեկ տարի առաջ անցկացվում է այն կազմակերպել պատրաստվող երկրում եւ դառնում ավելի խոշոր մրցմանը պատրաստ լինելու հիմնական ցուցիչը:
Աշխարհի փոքր առաջնության համարում ստացած այդ մրցաշարն առաջին անգամ ընդունել է Ռուսաստանը, որտեղ 2018 թվականին տեղի է ունենալու համամոլորակային իրական ֆուտբոլային հավաքը: Խաղերն ընթանալու են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում եւ Կազանում. դրանք չորսն են այն 11 քաղաքներից, որոնք ուղիղ 12 ամսից հյուրընկալելու են երկրագնդի 32 ընտրյալ հավաքականներին: Կոնֆեդերացիաների գավաթի արդեն 8-րդ խաղարկությանը, ինչպեսեւ ընդունված է, մասնակցելու են բոլոր աշխարհամասերի չեմպիոնները, աշխարհի գործող չեմպիոնն ու կազմակերպիչ երկրի հավաքականը: Ընդ որում՝ Ռուսաստանի, Պորտուգալիայի եւ Չիլիի ազգային թիմերը դա անելու են առաջին անգամ: Քանի որ սկսեցինք թվարկել մասնակիցներին, տեղին է միանգամից ներկայացնել խմբերի կազմը, որից հետո էլ կանդրադառնանք մրցաշարին առնչվող հետաքրքիր փաստերին: Ի դեպ, առաջին անգամ մրցաշարն անցնելու է առանց դրա նախորդ խաղարկության հաղթող բրազիլացիների: Եվ այսպես.
Ա ԽՈՒՄԲ. ՌՈՒՍԱՍՏԱՆ (կազմակերպիչ երկիր), ՆՈՐ ԶԵԼԱՆԴԻԱ (Օվկիանիայի Ազգերի գավաթակիր), ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ (Եվրոպայի չեմպիոն), ՄԵՔՍԻԿԱ (Հյուսիսային եւ Կենտրոնական Ամերիկայի «Ոսկե գավաթի» խաղարկության հաղթող):
Բ ԽՈՒՄԲ. ԿԱՄԵՐՈՒՆ (Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկության հաղթող), ՉԻԼԻ (Ամերիկայի գավաթակիր), ԱՎՍՏՐԱԼԻԱ (Ասիայի գավաթակիր), ԳԵՐՄԱՆԻԱ (աշխարհի չեմպիոն):
Խմբերում առաջին երկու տեղերը գրաված թիմերը պայքարը շարունակելու են կիսաեզրափակչում: Հավասար միավորների դեպքում ներկայացվող հաջորդականությամբ որոշիչ են լինելու հետեւյալ չափանիշները՝ խմբային փուլի բոլոր հանդիպումներում խփած եւ բաց թողած գոլերի տարբերությունը, բոլոր խաղերում խփած գոլերի քանակը, հավասար ցուցանիշներ ունեցող թիմերի՝ իրար միջեւ հանդիպումներում վաստակած միավորները, այդ խաղերում գրանցված գոլերի տարբերությունը, այդ խաղերում խփած գոլերի քանակը: Նշված բոլոր ցուցանիշների կատարյալ հավասարության պարագայում ենթախմբի աղյուսակում թիմերի գրաված տեղը որոշվելու է ՖԻՖԱ-ի կազմկոմիտեի անցկացրած վիճակահանությամբ:
Հեղինակ՝ Հրայր Նազարյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Հունիսի 17-ի համարում