Ադրբեջանը ճնշել է Բուլղարիային

Լրագրողին աշխատանքից ազատելու համար
Անցյալ ամիս ես անդրադարձել էի բուլղար լրագրող Դիլյանա Գայտանջիեւայի բացահայտումներին.՝ Ադրբեջանի Silk Way պետական ավիաընկերությունը դիվանագիտական չվերթերի քողի ներքո վերջին երեք տարիների ընթացքում 350 թռիչք է իրականացրել՝ ծանր զենքեր եւ զինամթերք առաքելով Սիրիայի եւ բազմաթիվ այլ երկրների ահաբեկչական խմբավորումներին:
Օգոստոսի 24-ին Դիլյանան իր թվիթերյան էջում գրել է. «Ինձ պարզապես ազատեցին աշխատանքից՝ Սիրիայում ահաբեկիչներին դիվանագիտական թռիչքներով զենքի մատակարարումների մասին ճշմարտությունը ասելու համար»:
Դիլյանան իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ նա աշխատանքից հեռացվել է Բուլղարիայի կառավարության վրա Ադրբեջանի ճնշումների պատճառով, քանի որ պատրաստվում էր մեկնել Սիրիա՝ շարունակելու իր հետաքննությունը:
Իր հարցազրույցում Դիլյանան ասել է, որ աշխատանքից ազատելուց առաջ նրան զանգահարել են Բուլղարիայի ազգային անվտանգության գործակալությունից եւ հարցրել իր բացահայտումների աղբյուրների մասին: Նա պատասխանել է, որ իր աղբյուրը եղել է Ադրբեջանի դեսպանատան կայքը, որը կոտրել էին, սակայն այլ մանրամասներ չի ներկայացնի: Երկու ժամ անց նա հեռախոսազանգ է ստացել «Տրուդ» օրաթերթից, որով հայտնել են նրան աշխատանքից հեռացնելու մասին:
Դիլյանան հոդվածը հրապարակելուց հետո բացահայտել է, որ ադրբեջանական դեսպանատունը հորդորել է Բուլղարիայի կառավարությանը հետաքննել նրան. որպես հետեւանք՝ նա հեռացվել է աշխատանքից:
Սակայն խիզախ բուլղար լրագրողը հրաժարվում է լռել... Նա հայտնել է, որ ոչ ոք չի կարող իրեն կանգնեցնել իր հետաքննությունը շարունակելուց. «Նրանք չկարողացան ինձ կանգնեցնել երկու ամիս առաջ. նրանք չկարողացան ինձ կանգնեցնել երեկ բարձրաձայնելուց: Ես հենց նոր գրեցի սոցիալական լրատվամիջոցներում: Նրանք չեն կարող ստիպել անկախ լրագրողին լռել: Ես պարտավոր չեմ որեւէ մեկին: Ես պարտավոր եմ մարդկանց ասել ճշմարտությունը, սա է իմ գործը»:
Դիլյանան շեշտել է, որ Բուլղարիան լավ տեղեկացված էր այդ ապօրինի զենքի առաքումների մասին, քանի որ նրա ձեռքի տակ էին այն բոլոր փաստաթղթերը, որոնք հաստատում էին, որ Բուլղարիայի կառավարությունը, մի քանի եվրոպական երկրներ, Միացյալ Նահանգները եւ շատ ուրիշներ իրենց հավանությունն են տվել այդ գաղտնի եւ անօրինական գործողություններին։
Բուլղար լրագրողը կոչ է արել ՄԱԿ-ին՝ հետաքննություն սկսել Ադրբեջանի, Բուլղարիայի, Միացյալ Նահանգների, Սաուդյան Արաբիայի եւ այլ երկրների դեմ: Բացի դրանից, Դիլյանան աջակցության խնդրանքով դիմել է անկախ լրագրողներին եւ լայն հասարակայնությանը: Նա ընդգծել է. «Ես առաջին եւ վերջին լրագրողը չեմ, որին ազատում են աշխատանքից: Ես մեծ ակնկալիքներ չունեմ խոշոր լրատվամիջոցներից, քանի որ նրանք ունեն իրենց քաղաքական օրակարգը, նպատակները եւ քաղաքականությունը: Այն, ինչ ակնկալում եմ՝ կարողանալ տարածել այս տեղեկատվությունը ամբողջ աշխարհում ոչ խոշոր լրատվամիջոցների միջոցով»:
Դիլյանան նաեւ բացահայտել է, որ Ադրբեջանը վճարել է բուլղար լրագրողներին՝ Բաքվի համար նպաստավոր հոդվածներ տպագրելու համար. «Ես կարող եմ ձեզ մի փաստ տրամադրել, որը ձեռք է բերվել Ադրբեջանի դեսպանատան վրա կիբեռհարձակումից հետո գաղտնազերծված փաստաթղթերից: Ադրբեջանի դեսպանատունը գումարներ է վճարել լրագրողներին Ադրբեջանի օգտին կամ Ադրբեջանի հրահանգով հրապարակված հոդվածների համար»:
Դիլյանան պնդում է, որ ինքը վճռականորեն է տրամադրված շարունակելու իր աշխատանքը. «Ես պատրաստվում եմ ստեղծել իմ սեփական առցանց լրատվամիջոցը, քանի որ հիմա Բուլղարիայում ոչ ոք չի համաձայնի հրապարակել իմ հետաքննությունները: Բուլղարական լրատվամիջոցները ինձ աշխատանք չեն առաջարկի: Ուստի մտածում եմ իմ սեփական լրատվամիջոցը ստեղծելու մասին. սա է լուծումը»:
Նրա բացահայտումները հաստատել է Թերի Մեյսանը՝ sott.net կայքում տեղադրված մի հոդվածում՝ նշելով, որ Sycamore գործողությունը ընդգրկում է առնվազն 17 պետություն եւ ներկայացնում է տասնյակ հազարավոր տոննա զենք. «Վերջին յոթ տարիների ընթացքում մի քանի միլիարդ դոլար արժողության սպառազինություն է ապօրինի ուղարկվել Սիրիա.... Բազմաթիվ փաստաթղթեր վկայում են, որ տեղափոխումը կազմակերպված էր գեներալ Դեվիդ Պետրեուսի կողմից, առաջին հերթին բացահայտ, Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) միջոցով, որի տնօրենն էր նա, ապա մասնավոր կերպով, KKR ֆինանսական ընկերության միջոցով, որոշ բարձրաստիճան պետական ծառայողների օգնությամբ....
Այժմ նոր տարրերը ցույց են տալիս Ադրբեջանի գաղտնիքը պատերազմի զարգացման ընթացքում [Սիրիայում].... Չնայած Սիրիա հիմնական սպառազինություններ արտահանողներից մեկը Բուլղարիան էր, սակայն նա օգնություն էր ստանում Ադրբեջանից»:
Մեյսանն իր հոդվածում մեջբերում է Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) նախկին թարգմանիչ, Ազգային անվտանգության բացահայտողների համախմբման հիմնադիր Սիբել Էդմոնդսին, բացահայտելով, որ «Ադրբեջանը, նախագահ Հեյդար Ալիեւի իշխանության օրոք, 1997-2001 թվականներին, Բաքվում հյուրընկալել է Այման ալ-Զավահիրին՝ Ալ-Ղայիդայի թիվ 2 անդամին: Դա կատարվել է ԿՀՎ-ի խնդրանքով: Չնայած նա պաշտոնապես փնտրվում էր ՀԴԲ-ի կողմից, սակայն այդ անձնավորությունը, որը հետագայում միջազգային ջիհադիստական ցանցում թիվ 2-ն էր, ՆԱՏՕ-ի ինքնաթիռներով կանոնավոր կերպով ճամփորդում էր դեպի Աֆղանստան, Ալբանիա, Եգիպտոս եւ Թուրքիա: Նա հաճախ էր հյուրընկալում Սաուդյան Արաբիայի արքայազն Բանդար բեն Սուլթանին»:
Ամերիկահայ համայնքը պետք է հրավիրի ճանաչված բուլղար լրագրող Դիլյանային Միացյալ Նահանգներ՝ դասախոսությունների եւ մամուլի ասուլիսների միջոցով հրապարակային դարձնելու իր սենսացիոն բացահայտումները՝ Ադրբեջանի կողմից ահաբեկիչներին ապօրինի զենք առաքելու մասին:
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի խմբագիր