Պաշտոնական Երևանը խստացնում է իր դիրքորոշումը

Քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ որեւէ լուրջ ակնկալիք չունի Նյու Յորքում այսօր նախատեսված Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից։
Հնարավոր է, որ արտգործնախարարները պայմանավորվածություն ձեռք բերեն նախագահների մակարդակով հանդիպման վերաբերյալ, բայց անգամ եթե այդ հանդիպումը տեղի ունենա, դրանից շատ բան պետք չէ սպասել. «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ելույթները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում ցույց տվեցին, որ կողմերը շատ հակադիր դիրքորոշումներ ունեն եւ դրանք արտահայտելու առիթը բաց չեն թողնում»:
Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից շատ կարեւոր շեշտադրումներ արեց՝ ներկայացնելով Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ. «Նախագահը խոսեց առանց դիվանագիտական չակերտների, հստակ ցույց տվեց, որ պաշտոնական Երեւանը խստացնում է իր դիրքորոշումը. հայտարարեց, որ Արցախը չի կարող ավելի ցածր կարգավիճակ ունենալ, քան այսօր, եւ անվտանգության մեխանիզմներն էլ չեն կարող ավելի թույլ լինել, քան այն, ինչ ունենք ներկայումս»:
Մատուցման ձեւից արդեն երեւում է, որ հայկական կողմը նվազագույնի է հասցրել զիջումների իր նշաձողը. «Համենայն դեպս, դա այն չէ, ինչ կարող է ակնկալել ադրբեջանական կողմը կամ նույնիսկ միջնորդները։ Մոտեցումները շատ խիստ էին, եւ նախագահը դա հիմնավորում էր նրանով, որ Ադրբեջանը տարիներ շարունակ իրականացրել է հայատյաց քաղաքականություն՝ նպատակ ունենալով բնաջնջել հայությանը իր իսկ հայրենիքում։ Սա նշանակում է, որ այստեղ պայմանավորվելու թեմա էլ չկա՝ հակամարտության լուծումը հայկական կողմը պատկերացնում է երկարաժամկետ հատվածում սեփական դիրքերն ուժեղացնելով»։
Ինչ վերաբերում է Ալիեւի ելույթին, ապա դա, ըստ էության, պարզապես նյարդային արձագանք էր նախագահ Սարգսյանի գնահատականներին. «Ադրբեջանի նախագահի խոսքում քաղաքական օրակարգ, որպես այդպիսին, չկար։ Ակնհայտ է, որ Ալիեւը սպասում է որոշակի զարգացումների. կարելի է ենթադրել, որ նոր պատերազմի է պատրաստվում, իսկ քաղաքական դաշտում ասելիքները սահմանափակում է իր ստանդարտ մոտեցումներով՝ որեւէ նորություն չկա։
Եթե համադրում ենք երկու երկրների ղեկավարների մոտեցումները, հանգում ենք շատ խոսուն եւ հետաքրքիր հետեւության՝ բոլոր դեպքերում, կողմերի դիրքորոշումները շատ հեռու են իրարից»։
Այն, որ Ալիեւը «շեղված» է ստատուս քվոն ռազմական ճանապարհով փոխելու՝ իրենց «պապենական հողերը» վերադարձնելու սեւեռուն գաղափարի վրա, որեւէ մեկի համար գաղտնիք չէ, բայց արդյոք կգնա՞ նման արկածախնդրության՝ եւս մեկ անգամ փորձության կտանի՞ իր ժողովրդին։
Բանախոսի համոզմամբ՝ «իրենք չեն կարող սկսել այդ պատերազմը, որովհետեւ այդ պոտենցիալը, ռեսուրսները չունեն, եւ ապրիլին էլ լուրջ հակահարված ստացան՝ կորցնելով իրենց հիմնական հարվածային ներուժը. հատուկջոկատայինների հիմնական կորիզը զոհվեց ապրիլյան պատերազմի օրերին։ Այսինքն՝ ուզում են, բայց հնարավորություն չունեն»։
Առավել եւս, որ Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները, այլ հարցերում տարաձայնություններ ունենալով հանդերձ, մի բանում միասնական են. «Բոլորը շահագրգռված են, որ Հարավային Կովկասը կայուն եւ կանխատեսելի լինի։ Պատերազմը ռիսկեր է պարունակում բոլոր երեք կողմերի համար. Ռուսաստանի համար դա կարող է լինել էթնոքաղաքական խմորումների աղբյուր Հյուսիսային Կովկասում, Արեւմուտքի համար դա կոմունիկացիոն հնարավորություններից եւ նավթագազային ռեսուրսները շահարկելու հնարավորությունից զրկվելու հեռանկարն է։
Պայթյունը Հարավային Կովկասում շատ լուրջ ազդեցություն է ունենալու նաեւ Մերձավոր Արեւելքի, Աֆղանստանի վրա, որտեղ կան նման խնդիրներ, իսկ Ռուսաստանին, Ֆրանսիային եւ Միացյալ Նահանգներին անհրաժեշտ են կայուն հենման կետեր այս տարածաշրջանում»։
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը, թե բանակցային գործընթացում քննարկվում է 3 շրջանների վերադարձի հարցը, մեղմ ասած, սառն ընդունվեց Հայաստան-Սփյուռք համաժողովում Արցախը ներկայացնող պաշտոնատար անձանց կողմից։ Սա նշանակո՞ւմ է, որ Հայաստանի եւ Արցախի պաշտոնական դիրքորոշումներն այս հարցում չեն համընկնում։
«Իսկապես, Նալբանդյանի հայտարարությունը անվերապահ քննադատության արժանացավ, նախ, ԼՂՀ արտգործնախարարի, ապա նաեւ նախագահի խոսնակի կողմից։ Դավիթ Բաբայանը կոպիտ արտահայտվեց.՝ Նալբանդյանից հարցրեք՝ ո՞ր տարածքներն են, որոնց հանձնումը չի սպառնում մեր անվտանգությանը։ Եվ դա հասկանալի է, որովհետեւ Արցախում որեւէ մեկը տրամադրված չէ տարածքներ զիջելու։
Ասեմ ավելին՝ պաշտոնական Երեւանն էլ նման տրամադրություն չունի, եւ նախագահ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի ամբիոնից հենց այդ մասին է վկայում»,- նկատեց քաղաքագետը։
Եվ ուրեմն՝ կա՛մ դա անզգույշ արտահայտություն էր, որ արտգործնախարարը հետագայում փորձեց սրբագրել՝ ասելով, որ իր ասածը կոնտեքստից կտրել են, կա՛մ արտգործնախարարը հետ է մնացել իրադարձություններից՝ խոսում է մինչապրիլյան իրողությունների մասին, այն դեպքում, երբ քառօրյա պատերազմից հետո իրավիճակ է փոխվել։
Հեղինակ՝ Լիլիթ Պողոսյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Սեպտեմբերի 23-ի համարում