Մարզպետարաններում հնարավոր է կառուցվածքային փոփոխություններ լինեն. Վարդևան Գրիգորյան

Այս թեմայով
- Հայաստանի մարզպետարաններում աշխատակիցների 30 տոկոսը կկրճատվի
- Երկրի տնտեսական աճը չի կարող մարդկանց կենսամակարդակի վրա անմիջապես ազդեցություն թողնել. Խոսրով Հարությունյան
- Խոսրով Հարությունյանը կարևորում է ոչ թե կառավարության նիստի բաց, կամ փակ լինելն, այլ վերջնական արդյունքը
- Ինչի՞ց է դժգոհ Նաիրա Զոհրաբյանը
Օրերս մամուլում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում մտածում են մարզպետարանների ինստիտուտի գործունեության վերանայման շուրջ: Բանն այն է, որ Հայաստանում մեկնարկած համայնքների խոշորացման ծրագրով՝ մարզերում մեկ փնջի մեջ են ներառվել ու ներառվելու մի քանի համայնքներ, և, հետևաբար, մարզպետարաններում այժմ գործ ունեն ոչ թե մի քանի տասնյակ, այլ մի քանի փնջի հետ: Սա էլ իր հերթին ենթադրում է բյուջեի, ծախսերի, հաշվարկների ու, առհասարակ, նոր քաղաքականության որդեգրում:
Հարցի շուրջ ՀայՄեդիա.AM-ը զրուցել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, «Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի» մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանի հետ:
- Հարցը դեռ վերջնական չի քննարկվել, բայց ըստ տրամաբանության՝ որոշակի կառուցվածքային փոփոխություններ լինելու են: Քննարկման արդյունքում՝ վերջնական տեսքի կգա, թե մարզպետարանները ինչ կառուցվածք կունենան: Եթե նախկինում տվյալ մարզում 100-ից ավելի համայնքներ կային ու մարզպետարաններում այդ աշխատակազմով համակարգում էին համայնքների աշխատանքը, հիմա, փաստորեն, տասնապատիկ անգամ կրճատվում է համայնքների քանակը: Եվ համայնքների՝ ոչ միայն քաղաքական, այլ նաև բովանդակային գործառույթների փոփոխությունը, ենթադրում եմ, որ մարզպետարաններում էլ կհանգեցնի որոշակի փոփոխությունների, մասնավորապես՝ կառավարման համակարգում:
- Այսինքն՝ մարզպետարաններում նույնպե՞ս օպտիմալացումներ ու կրճատումներ կլինեն:
- Գիտեք, վերջնական տեսքով դեռ չի քննարկվել այդ հարցը, բայց տրամաբանությունը տանում է դրան: Իսկ երբ քննարկվի, անպայման տեղյակ կլինեք, թե մոտավոր ինչպիսի կառուցվածքային փոփոխություններ են լինելու:
- Կա՞ արդեն օրենքի նախագիծ, կամ՝ հանձնարարություն-առաջարկ՝ զբաղվել այդ հարցով:
- Օրենքի նախագիծ չկա, նման նախագիծ դեռևս չի բերվել ԱԺ, ու չգիտեմ էլ՝ դրա վրա աշխատո՞ւմ են, թե՞՝ ոչ:
Սևակ Վարդումյան