Սոցիալական արդարության հասարակության մասին

Դե ինչ, մարդիկ միշտ երազել են եւ կերազեն ինչ-որ արդար հասարակական կարգի մասին։ Թեեւ ինքնըստինքյան անհավասարությունն արդար է, քանզի մարդիկ ծնվում են տարբեր ունակություններով։ Եվ խնդիրը բնավ միայն սոցիալական միջավայրը չէ։ Բայց հենց դա էլ նշանակում է, որ սոցիալական արդարության մասին երազանքը միշտ կհարատեւի։
Սակայն այստեղ հարցեր են առաջանում։ Օրինակ, դասակարգային արդարությունը, որին հասնելու համար ֆիզիկապես ոչնչացվում են «շահագործող դասակարգերը», դա արդարությո՞ւն է, թե՞ սոցիալական մի անարդարության փոխարինում մյուսով։ Արդարությունը հասարակության մի մասի համար այդ նույն սոցիալական անարդարությունն է։ Բոլոր մարդիկ եղբայրնե՞ր են, թե՞ միայն սոցիալապես մտերիմներ։
Եթե քրիստոնեության մեջ արդարության տանող ճանապարհին կան Լեռան քարոզի փարոս-արժեքները, ապա բռնի հեղափոխության մեջ, եւ ոչ միայն Հոկտեմբերյան, քարոզի տեղը շատ արագ զբաղեցնում է տեռորը։ Ինչը խեղաթյուրում է սոցիալական արդարության ե՛ւ գաղափարը, ե՛ւ առավել եւս դրան հասնելու միջոցները։
Ի դեպ, սոցիալական արդարությունը տեռորի միջոցով էին արմատավորում նաեւ բոլշեւիկներից առաջ։ Ավելի ճիշտ, միջնադարյան բոլշեւիկները։
Դրա օրինակն է իտալացի բարեփոխիչ ու քարոզիչ Ջիրոլամո Սավոնարոլան։ Լինելով կատաղի պոպուլիստ եւ բարոյախոս՝ նա Ֆլորենցիայում հայտարարեց սոցիալական արդարության հանրապետություն։ Բայց բնակիչներին անպատրաստ համարելով նման երջանկության՝ Սավոնարոլան Ֆլորենցիայի ժամանակավոր թագավոր հռչակեց... Հիսուս Քրիստոսին։ Իսկ իրեն՝ նրա փոխանորդ։
Արատների եւ ճոխության դեմ պայքարին դաստիարակի կողմից մասնակցում էին միջնադարյան խունվեյբինները։ Դեռահասները ներխուժում էին ունեւոր քաղաքացիների տներ եւ մաքրազարդում նրանց այն ամենից, ինչն առնչություն ուներ աշխարհիկ կյանքի հետ. ոչ եկեղեցական գրքեր, երաժշտական գործիքներ, այն ամենը, ինչ կապված էր գիտության հետ կամ վկայում էր ապահով կյանքի մասին։ Այնուհետ բռնագրավվածը հանդիսավորապես այրվում էր։
Ի վերջո զայրացած քաղաքացիներն այրեցին իրեն՝ Սավոնարոլային։ Ճիշտ է, դրանից առաջ նաեւ կախեցին։
Դառնանք Ռեֆորմացիային։ Սոցիալական հավասարության թեման նոր չէր մարդկության համար։ Մարդիկ մշտապես եւ բնականաբար ցանկացել են լինել հավասար, այդ թվում՝ սոցիալական առումով։ Այդ ցանկությունը դրված է մարդու մեջ ճիշտ այնպես, ինչպես ուտելու եւ քնելու պահանջմունքը։
Բայց ահավասիկ պարադոքս. նույն այդ մարդկային էությունն առաջացնում է հարստանալու եւ, համապատասխանաբար, մերձավորին իշխելու ձգտում։
Հեղինակ՝ Վարդան Բարսեղյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Հոկտեմբերի 21-ի համարում