Թումանյան համայնքը զարգացման ծրագրեր կներկայացնի

Խոշորացված Թումանյան համայնքը հաջորդ տարվանից կներկայացնի մրգի, մսամթերքի վերամշակման արտադրամաս ստեղծելու, ինչպես նաև զբոսաշրջությունը զարգացնելու ծրագրեր: ՀՀ համայնքների խորհրդաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում հայտնեց Թումանյան համայնքի ղեկավար Լևոն Զավարյանը:
«Այդ դրախտային երկիրն իսկական տուրիզմի տեղ է, անտառներ, գետ, ամեն ինչ: Չքնաղ երկիր է, բայց ժողովուրդն աղքատ է, հիմա մենք դա պիտի փոխենք, որ ի վերջո այս չքնաղ երկրում չի կարելի աղքատ ապրել»,- ասաց համայնքապետը:
Լևոն Զավարյանի խոսքով` 1 քաղաք և 6 գյուղ ներառող, 4 հազար 800 բնակչություն ունեցող Թումանյան համայնքի ամենամեծ խնդիրը, իսկ համայնքապետի համար կառավարման ամենամեծ բարդությունը անմխիթար ճանապարհներն են:
«Միջհամայնքային ճանապարհները շատ վատ վիճակում են, երկու ժամում համայնքի ամենահեռու կետն ենք գնում, նույնքան էլ հետ վերադառնում: Այսօր ՀՀ Նախագահին դիմելու եմ այդ հարցով, որ օգնի մեզ»,- ասաց Զավարյանը:
Նա շեշտեց, որ առկա խնդիրներին զուգահեռ բնակիչները տեսնում են նաև կատարվող աշխատանքը: Եթե մինչ խոշորացումը առկա էին մտահոգություններ` կապված այս կամ այն տեղեկանքի տրամադրման բարդության կամ համայնքների նկատմամբ ոչ հավասարաչափ հոգածության առնչությամբ, ապա հիմա, ըստ Զավարյանի, բնակիչներն իրենց փորձով են համոզվում, որ դա բնավ էլ խնդիր չէ:
«Մենք աշխատում ենք համամասնորեն, բոլոր գյուղերում նույնչափ, որ բոլորը համաչափ զարգանան, ոչ թե ասեն՝ ուշադրությունը դարձնում ես միայն Քարինջի կամ Թումանյանի վրա: Թումանյանում ամենաքիչն է աշխատանք արվում, ճիշտն ասած՝ Թումանյանում այս քսան տարիների ընթացքում շատ լուրջ աշխատանքներ են տարվել՝ տանիքներ են վերանորոգվել, մեր ջուրը մշտական է, ճանապարհները բարեկարգ են, լուսավորություն ունենք: Հիմա աշխատում ենք, որ այն, ինչ մենք ունենք, այդ գյուղերն էլ ունենան»,- ասաց Լևոն Զավարյանը: Նա շեշտեց, որ ներկայում աշխատանք են տանում երեք համայնքներում ջրամատակարարման հարցերը կարգավորելու ուղղությամբ: