Կինոյի լեգենդ Ալեն Դելոնը հայտարարել է, որ ցանկանում է մահանալ և նշել է պատճառը

Ֆրանսիական ֆիլմարտադրության վետերան, աշխարհահռչակ դերասան Ալեն Դելոնը հինգշաբթի հայտարարել է, որ այնքան է հոգնել աշխարհից, որ ուրախ կլիներ մահանալ, սակայն ցանկանում է իր շանն իր հետ տանել:
«Նողկում եմ այն ժամանակներից, որոնցում ապրում ենք, դա ինձ մոտ սրտխառնոց է առաջացնում», - Agence France Presse-ի փոխանցմամբ՝ ասել է 82-ամյա դերասանը, որը համարվում է բոլոր ժամանակների ամենագեղեցիկ դերասաններից մեկը:
«Կան նաև մարդիկ, որոնցից նողկում եմ: Ամեն ինչ կեղծ է, և միայն փողն է, որ նշանակություն ունի: Ես այս աշխարհը կլքեմ առանց ափսոսանքի», - ասել է Դելոնը ֆրանսիական ամսագրին տված անկեղծ հարցազրույցի ժամանակ՝ ընդգծելով, որ լավ հայր չի եղել իր երեխաների համար, որոնցից մեկին մինչ օրս չի ճանաչել:
Ֆրանսիացին, որը միայնակ է ապրում Փարիզի արվարձաններից մեկում, նշել է, որ ուզում է, որպեսզի իր 2-ամյա բելգիական հովվաշունն իր հետ մահանա:
Մեծ համբավ վայելող դերասանը մտահոգություն է հայտնել, որ իրեն կարող են արտաշիրիմել մահից հետո՝ հայրության հաստատման ԴՆԹ հետազոտություն անելու համար: