Մարդը, կապիկն ու տնտեսությունը

Գիտնականները քանիցս փորձել են տարբեր կենդանիների, մասնավորապես՝ կապիկների խմբում ներդնել տնտեսական հարաբերություններ։ Օրինակ, առեւտրական, այսինքն՝ փոխշահավետ փոխանակության գաղափարը։
Ասենք, Եյլի համալսարանի ամերիկացի գիտնականները շիմպանզեների խմբում գործածության մեջ դրեցին փողեր եւ կապիկների համար հորինեցին աշխատանք, որը նրանք կարող էին կատարել հենց այդ փողերի դիմաց։ Ի՞նչ բան է աշխատանքը։ Ոչ այնքան հաճելի եւ դժվար գործունեություն է, որ կարելի է անել միայն հանուն ինչ-ինչ բարիքների։ Տվյալ կոնկրետ դեպքում կապիկները պետք է մեծ ջանքով ճոճեին ծանր լծակը։
Իսկ ի՞նչ բան է փողը։ Դե, ինչն ասես կարող է փող լինել։ Գլխավորը, որ լինի ամուր եւ արժեքավոր։ Կապիկներին աշխատանքի դիմաց տալիս էին բազմագույն պլաստմասսայե կլորակներ։ Ժետոնի գույնը նշանակում էր դրամի անվանական արժեքը։
Կարմիր ժետոնի դիմաց կապիկները կարող էին մարդկանցից գնել, օրինակ, մի բաժակ կոլա, սպիտակի դիմաց՝ խաղողի ողկույզ, իսկ կապույտ կլորակն անվանական արժեքով կրկնակի թանկ էր սպիտակից, ինչը նույնպես կապիկները շատ արագ հասկացան։
Ի՞նչ կատարվեց խմբի հետ, երբ այնտեղ գործածության մեջ մտցրին փողը։ Արտասովոր ու հիասքանչ մի բա՛ն։ Խումբը դարձավ հասարակություն։ Այնտեղ անմիջապես առաջացավ սոցիալական շերտավորում. աշխատամոլները սկսեցին լավ ապրել, ծույլերը վերածվեցին աղքատների։
Հայտնվեցին սեփական մսխողներն ու ժլատները, գողերն ու ավազակները։ Կապիկները պատրաստ էին կատաղի պաշտպանել թալանչիներից իրենց կապիտալը։ Իսկ եթե ինչ-որ մեկը կորցնում էր զգոնությունը, միշտ հայտնվում էին ուրիշի փողը գողանալու պատրաստ առանձնյակներ։
Սկզբում փորձարարները խնձորն ու խաղողը կապիկներին վաճառում էին նույն գնով։ Եվ նկատեցին, որ խնձորը պահանջարկ չի վայելում։ Բայց երբ նրանք կրկնակի իջեցրին խնձորի գինը, վիճակը փոխվեց։ Կապիկները գլխի ընկան, որ ավելի ձեռնտու է գնել էժանացած խնձորները եւ այդ կերպ տնտեսել։ Իհարկե, խնձորը խաղող չէ, բայց փոխարենը՝ գինն անչափ հրապուրիչ է։ Շուտով խնձորների ողջ պաշարը գիտնականները վաճառեցին։
«Հայոց Աշխարհ»-ի քաղկենդանաբանության բաժին
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Հունվարի 18-ի համարում