Գյումրիում տեղի ունեցավ «Մի խաղալիքի պատմություն» ծրագրի շնորհանդեսը

Գյումրու երիտասարդական պալատում հունվարի 20-ին տեղի ունեցավ «Մի խաղալիքի պատմություն» ծրագրի շնորհանդեսը: Սերունդների համերաշխություն երիտասարդական հասարակական կազմակերպության և Գյումրու երիտասարդական պալատի կողմից իրականացվող ծրագիրը կյանքի է կոչվել ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Ծրագրին միացել է նաև Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպությունը ՍՔԱՅ ակումբի հետ համատեղ:
Ծրագիը բաղկացած էր երկու փուլից՝ այցելություն Գյումրու Նանսենի անվան երեխաների խնամքի տուն, որտեղ մեկ օր երեխաների հետ անցկացնելուց հետո կամավորները երեխաներին առաջարկեցին նկարել իրենց երազած խաղալիքը: Խնամքի հաստատության սաների աշխատանքերը պետք է հետագայում ցուցադրվեին, սակայն, ինչպես ծրագրի շնորհանդեսի ժամանակ տեղեկացրեց երիտասարդական պալատի ղեկավար Լիլիթ Մակարյանը, ոչ ոք, նույնիսկ խնամքի կենտրոնի տնօրինությունը, տեղյակ չէ, որ նախատեսվում է նաև ծրագրի երկրոդ փուլ, ինչն անակնկալ էր բոլորի համար. ըստ հաստատության սաների նկարների, որոնք օգտագործվել են որպես էսքիզեր, պատրաստվել են նմանօրինակ տիկնիկներ, որոնք որպես հիշատակ հանձնվելու էր երեխաներին:
Արդյունքում՝ հաստատության 30 սան ստացավ իր իսկ երազած խաղալիքը ու այլ նվերներ, իսկ մինչ խաղալիքների հանձնումը երեխաներն իրենք էին բոլոր ներկաներին նվեր պատրաստել ՝ համերգի տեսքով:
Նանսենի անվան երեխաների խնամքի տունն ունի ավելի քան 70 սան: Հիմնականում միակողմանի ծնողազուրկ, կամ սոցիալապես անապահով ընտանիքների սաներն են, նրանք, ովքեր ունեն առանձնահատուկ ուշադրության ու խնամքի կարիք: