Փաստաբանական համայնքը մտահոգված է

Հարցազրույց Փաստաբանների պալատի իրավական հարցերով փորձագետ, փաստաբան ԱՐՏԱՇԵՍ ԽԱԼԱԹՅԱՆԻ հետ
-Դատական նոր օրենսգրքի նախագծով, որը Ազգային ժողովը ընդունել է առաջին ընթերցմամբ, մինչեւ 100 հազար դրամի չափով տուգանքի կիրառում է նախատեսվում նաեւ փաստաբանների ու դատախազների նկատմամբ: Ընդ որում՝ տուգանելու լիազորությունը տրվելու է դատարանին: Դա դժգոհություն է առաջացրել փաստաբանների շրջանում: Ի՞նչն է պատճառը, գործող Դատական օրենսգրքով ո՞ր կառույցին է վերապահված փաստաբանների նկատմամբ տուգանք կիրառելու իրավասությունը:
-Դատական նոր օրենսգրքի նախագծով սահմանված իրավակարգավորումը արդարադատության նախարարությունն է մշակել, որն էլ կառավարությունը ներկայացրել է Ազգային ժողով՝ որպես նախագծի դրույթներից մեկը: Ուստի զարմանալի չէ փաստաբաններին անհանգստացնող դրույթի կողմնակալությունը:
Մինչեւ այժմ փաստաբանների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու եւ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու լիազորությունը վերապահված է բացառապես փաստաբանների պալատին: Բայց նոր իրավակարգավորմամբ այդ լիազորությունը տրվում է դատարանին՝ հանձին դատը վարող դատավորի:
Գուցե փաստաբանների պալատի կողմից պալատի անդամների վարքը վերահսկելու եւ նրանց պատասխանատվության ենթարկելու լիազորությունը անհանգստացրել է դատական համակարգի ներկայացուցիչներին, որոնց կարծիքով այդ կերպ փաստաբանի կշիռը չափից ավելի բարձրանում է, եւ դատական իշխանություն-փաստաբանական համայնք հարաբերություններում փաստաբաններին ինչ-որ առումով առանձնաշնորհյալ կարգավիճակ է ընձեռվում:
Կարծում եմ, այդ փոփոխության համար խթան են եղել նաեւ վերջին դատավարությունները, որի ժամանակ որոշ փաստաբաններ, իրոք, երբեմն անթույլատրելի վարք են դրսեւորել: Բայց պետք է հաշվի առնել, որ որեւէ մասնագիտական հանրույթում տարբեր մարդիկ են հավաքված, եւ կարող են լինել անձինք, խմբեր, որոնք երբեմն իրենց գործունեությունն իրականացնելիս հաշվի չեն առնում էթիկայի նորմերը:
Ընդհանուր առմամբ փաստաբանական համայնքի անդամ փաստաբանների մեծագույն մասը երբեւէ չի չարաշահել հասարակական կարգավիճակը եւ դատարանի ու պետական իշխանության մարմինների հետ հարաբերություններում նրանց նկատմամբ անթույլատրելի վարք չի դրսեւորել:
Հեղինակ՝ Թագուհի Ասլանյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Հունվարի 23-ի համարում