Արմեն Սարգսյանը ճիշտ աշխատաոճ է ընտրել

Հարցազրույց Դեմկուսի նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ
-Նախօրեին տեղի է ունեցել ձեր եւ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հանդիպումը: Ի՞նչ հարցերի շուրջ եք խոսել։
-Ասեմ, որ Ա.Սարգսյանը շատ ճիշտ ընտրեց քաղաքական, հասարակական շրջանակների հետ շփվելու այս ձեւը, որովհետեւ ինքը դեռ պետք է կուտակի այն տպավորություններն ու այն տեղեկատվությունը, որ իրեն, որպես հանրապետության հնարավոր ապագա նախագահի, ուզում են փոխանցել այդ շրջանակները:
Նա հիմա ուզում է տեղեկանալ, թե ի՞նչ տրամադրություններ կան հանրության տարբեր շերտերի շրջանում: Որից հետո կամփոփի, կվերլուծի ստացածը եւ կտա իր համաձայնությունը՝ նախագահի պաշտոնում ընտրվելու: Սրանից հետո նոր միայն հանդես կգա իր ծրագրով:
Մենք բաց խոսակցություն ունեցանք: Հարցերի շրջանակը շատ լայն էր, որովհետեւ Հայաստանում կուտակված են լուծման կարիք ունեցող ահռելի քանակության հիմնահարցեր: Գլխավոր հարցը արտագաղթն է, մնացած բոլոր հարցերը սրանից են ածանցվում: Ապագա նախագահը պետք է հասկանա արտագաղթի պատճառները, դրանք ներառի իր ծրագրի հիմքում, արտագաղթի վերացումը դարձնի իր իրականացնելիք ծրագրի հիմնական սկզբունքը:
Խոսել եմ նաեւ առողջապահական համակարգի մասին, որը պատուհաս է դարձել մեր ժողովրդի համար, որովհետեւ շատ-շատերին հասու չեն այդ ծառայությունները՝ գների պատճառով: Ասել եմ նաեւ, որ ունենք լուրջ խնդիր պետական պարտքի հետ կապված.
-Փաստորեն Արմեն Սարգսյանը հիմնականում լսողի դերում է եղել. այդ դեպքում, հետաքրքիր է, ինչպիսի՞ն է եղել նրա արձագանքը:
-Հարկ չեմ համարում իր փոխարեն ասել, թե այս կամ այն հարցի վերաբերյալ ինքը ինչ կարծիք հայտնեց: Դա Արմեն Սարգսյանը կասի այն ժամանակ, երբ բոլոր հանդիպումները կավարտի ու կամփոփի ստացած տեղեկատվությունը:
Ի դեպ, ասեմ, որ շատ հանդիպումներ է պատրաստվում ունենալ, մեկնելու է մարզեր, նաեւ այլ երկրներ: Թույլ տանք, որ ամփոփի իր հավաքած տեղեկատվությունը, որից հետ հենց իրենից կլսենք իր տեսակետները:
-Բացի նրանից, թե սահմանադրորեն ինչ լիազորություններ են վերապահվում նախագահին, չե՞ք կարծում, որ շատ բան կախված է նրա անձից: Եթե նա խարիզմատիկ կերպար է, ինքնուրույն, գործունյա անձ, ապա, մնալով սահմանադրության շրջանակում, կարող է ավելին անել: Այս առումով, Արմեն Սարգսյանից կարո՞ղ ենք նման ակնկալիքներ ունենալ:
-Մենք պետք է մտածենք պետության շահից ելնելով՝ ի՞նչն է ավելի ճիշտ: Արմեն Սարգսյանը չլինի, մեկ ուրիշը լինի, պետք է հասկանանք, թե նախագահի պաշտոնը հանուն ինչի՞ է ստեղծված։ Եթե նա ընդամենը պետք է լինի հրամաններ կատարող անձ, այդ դեպքում ինչո՞ւ ենք գումար ծախսում, նախագահի պաշտոն ստեղծում՝ իր ամբողջ աշխատակազմով, թող նույն գործն անեն վարչապետն ու ԱԺ նախագահը: Եթե նախագահի պաշտոնի գոյության կարիքը կա, ուրեմն նա պետք է անհրաժեշտ լիազորություններ ունենա:
Իսկ եթե ամեն կերպ ասենք՝ սա նախագահի գործը չէ, դրան մի խառնվիր, այդ դեպքում ինչո՞ւ ենք անունը դրել հանրապետության նախագահ:
Ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանի խարիզմատիկ անձ լինելուն՝ ապագան ցույց կտա: Կարծում եմ, ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով ինքը հանրության հետ կունենա անմիջական շփումներ, ինչպես կհարաբերվի, ինչպես կներկայացնի իր գործը: Ես շատ ուրախ եմ, որ Ա.Սարգսյանը գնաց հանրության տրամադրությունները պարզելու ճանապարհով, հասկանալու, թե ի՞նչն է մտահոգում մեր ժողովրդին:
Հեղինակ՝ Արմինե Սիմոնյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Փետրվարի 13-ի համարում