Երևանի վերաբերյալ Ալիևի տխրահռչակ հայտարարությունը ևս մեկ հեքիաթ էր. Վլադիմիր Կազիմիրով

Այս թեմայով
- Նախարարները քննարկել են հակամարտության կարգավորման հետ կապված հարցերի լայն շրջանակ. ՄԽ համանախագահների հայտարարությունը
- Քոչարյանի դեմ հարուցված քրգործը խորապես վնասելու է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին. ՀՀԿ հայտարարությունը
- Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան կատարելիք այցի շրջանակում Իլհամ Ալիևի հետ հանդիպում նախատեսված չէ
- Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հայտարարությունը
Ադրբեջանի ղեկավարության բարձրագոչ ռազմատենչ սպառնալիքները չեն տեղավորվում քաղաքական առաջնորդների նորմալ հայտարարությունների համատեքստում: Նման դիտարկում արեց ԵԱՀԿ Մինսկի խմբում ՌԴ նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը:
«Այդ հայտարարությունները պետք է առանձին հավաքագրվեն հետագայում պատմական տարօրինակությունների և հումորների գիրք հրատարակելու համար: Մի՞թե չկան նման հրատարակչություններ, որոնք կկարողանային դրանք հավաքել և հրապարակային դարձնել ղարաբաղյան հակամարտության վերջին տասնամյակում հնչած մտքերի նման անգին հավաքածուն, ասենք Հեյդար Ալիևից հետո: Չէ՞ որ այն եզակի ընթերցանություն կապահովեր: Մեր դարում հեշտ չէ ունենալ նման հավաքածու այլ երկրներում: Ոչ այլ ոք, քան հենց Պաշտպանության նախարարությունը պետք է իմանա, որ պատերազմը մեր օրերում այն չէ, ինչ նախորդ դարի վերջերին, և այդ կապակցությամբ զգուշորեն է պետք կատակել: Իսկ Երևանի «վերադարձի» մասին տխրահռչակ հայտարարությունը ևս մեկ հեքիաթ էր»,- նշեց նա:
Վլադիմիր Կազիմիրովի համոզմամբ՝ նրանք, ովքեր սպառնում են պատերազմով, չեն կարող չգիտակցել, որ Ադրբեջանի ներքին դրությունը այդքան էլ չի համապատասխանում այդ երեւակայություներին և արկածախնդրություններին: Նա նշեց, որ, բնականաբար, ավելի իրատեսական է խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորումը, որը լիովին հասանելի է ուժի կիրառումից լրջորեն հրաժարվելու դեպքում, եթե դրան էլ գումարվեն միջազգային հստակ երաշխիքները:
«Միգուցե ինչ-որ մեկին պարզապես ձեռնտու չէ առանց արյան տարբերակը. չէի ցանկանա դրան հավատալ: Սա պարզապես խաբեություն է սեփական ժողովրդի նկատմամբ ցուցադրական հայրենասիրությամբ, սիստեմատիկ բացականչություններով, իշխանության պահպանման համար իրականացվող գործողություններով: Արդեն ժամանակն է նախօրոք մտածել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արձագանքի մասին և ոչ միայն հենց համանախագահների: Իրականում պաշտոնական Բաքուն իր բարձրաձայն սպառնալիքներով և երևակայություններով ավելի է ձգում իր համար հակամարտության լուծման ոչ շահավետ տարբերակը՝ փոխանցելով այն նոր սերունդներին»,- եզրափակեց նա:
Սյուզի Մուրադյան