Արտեմ Հարությունյան. պոեզիայի կենդանի երևույթ

Փետրվարի 27-ին Բըրբանկ քաղաքի առաջնորդարանի եկեղեցու դահլիճում հանդիպում էր բանաստեղծ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Արտեմ Հարությունյանի հետ։ Հանդիպումը Լոս Անջելեսի գրական հասարակայնության հետ նախաձեռնել էր գրող, արվեստաբան Նաթելլա Լալաբեկյանը։
Տեր Ներսեսի օրհնության խոսքից եւ աղոթքից հետո Ն.Լալաբեկյանը ներկայացրեց բազմավաստակ եւ արդիական բանաստեղծ, գրականագետ Արտեմ Հարությունյանին՝ նրա պոեզիան համեմատելով Ներուդայի, Էլիոթի, Սանգուինետտի պոեզիայի հետ։
Բանաստեղծ Գրիշ Դավթյանը, խոսելով Ա.Հարությունյանի անցած գրական ուղու մասին, հատուկ շեշտեց մարդու վիճակի եւ ժամանակակից կյանքի յուրօրինակ փոխհարաբերությունները նրա պոեզիայում։
Այնուհետեւ բեմ ելավ Արտեմ Հարությունյանը։ Նախ մի քանի ղարաբաղյան թեւավոր կատակներ նվիրելով ներկաներին՝ ջերմ եւ ուրախ մթնոլորտ ստեղծեց։ Ապա սկսեց միայն իրեն հատուկ անմիջականությամբ ու էներգետիկայով արտասանել եւ կարդալ իր ստեղծագործությունները՝ դահլիճին դարձնելով մասնակից, գրավելով բոլորի սրտերը։ Նրա արտասանության պրոցեսը դարձավ կյանքի ընթացք, մի ներկայացում, որտեղ ներկաները ապրում են ու հիանում, ինչը շատ ավելին է, քան պոեզիան։
Հանդիպման երկրորդ մասն սկսվեց հանրաճանաչ երգչուհի Անահիտ Ներսիսյանի երաժշտական կատարումով։
Վազգեն Աբովյան
Գրող, Կալիֆոռնիայի հայ գրողների միության վարչության անդամ
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Մարտի 21-ի համարում