Բարձրացնենք մեր ձայնը՝ ի պաշտպանություն նավթի

Պարզվում է, նախօրեին կայացել է ոչ միայն Երեւանի ավագանու վաղուց սպասված նիստը։ Գիշերը նաեւ Շատ Նոր Կյանքի գյուղապետարանում շտապ հրավիրվել է ավագանու արտահերթ նիստ։
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ
1. Լսվեց
Ինչպես պաշտոնապես տեղեկացրին միանգամից մի քանի օտարերկրյա լրատվական գործակալություններ, ամերիկյան Լեյք Ալֆրեդ փոքրիկ քաղաքի (բնակչությունը՝ 4 հազար մարդ) բնակիչներին զայրացրել է քաղաքի առեւտրի կենտրոնում մեծն Միքելանջելոյի աշխարհահռչակ ստեղծագործությունը՝ Դավթի արձանի պատճենի տեղադրումը։
Քաղաքի իշխանությունները որոշել էին «տանել մշակույթը դեպի զանգվածներ»։ Իսկ զանգվածները, ինչպես հայտնի է, թանգարաններից առավել, չգիտես ինչու, գերադասում են խանութները։ Դրա համար էլ Դավթին կանգնեցրել են հենց սուպերմարկետում։
Եվ ահա Լեյք Ալֆրեդի քաղաքապետարանը հեղեղեցին մաքրաբարո գնորդների բողոքները, որոնց շոկի մեջ էր գցել գեղեցիկի հետ այդօրինակ հանդիպումը։ Նրանք պահանջեցին դուրս հանել «անամոթ նուդիստին»։
Ինչպես տեղեկացնում են լրատվական գործակալությունները, խանութի տերերն ստիպված եղան... ազդրակապ հագցնել արձանին։ Եվ աստվածաշնչյան առասպելական հերոսն սկսեց հիշեցնել հնդկացու, որի կերպարը անհամեմատ ավելի սրտամոտ է ամերիկացիներին։
Առաքելության ջատագովները իրենց նպատակին հասան. այժմ Դավթի շուրջ վխտում են ամերիկացիների բազմություններ, որոնք ամեն կերպ ջանում են նայել ազդրակապի տակ։
2. Որոշվեց
Դիմել ԱՄՆ նախագահ Թրամփին՝ բաց նամակով.
«Պարոն նախագահ
Անկեղծ ասած, մեզ չզարմացրեց ձեր հայրենակիցների պահվածքն ու տխրահռչակ ամերիկյան պուրիտանական բարոյականությունը։
Սակայն, պարոն Թրամփ, նշյալ խանութի տնօրինության վրդովեցուցիչ արարքի հետեւում մենք տեսնում ենք ոչ միայն պարզապես բարոյականության ձեր ամերիկյան նորմերը առնվազն ութամյա կրթություն ունեցող ողջ քաղաքակիրթ աշխարհին պարտադրելու ամբարտավան ցանկություն։ Դրա հետեւում տեսնում ենք շատ ավելի մտահոգիչ երեւույթներ։
Մտածե՛ք, այդ ի՞նչ բարոյականության մասին եք խոսում, եթե Լեյք Ալֆրեդում երեսպաշտորեն շորը փաթաթել ենք ոչ թե Դավթի ձեռքի պարսատիկին ու քարին (այսինքն՝ զենքին՝ մահվան խորհրդանիշին, որով նա հաջորդ պահին սպանելու է հսկա, բայց դժբախտ Գողիաթին), այլ հենց այն պիտույքին, որը ոչ մի անգամ չի կիրառվել պատերազմներում թշնամիներին խոցելու համար եւ ընդհանրապես աշխարհի ժողովուրդների բազմաթիվ կրոններում հանդիսանում է կյանքի եւ պտղաբերության խորհրդանիշ։
Դրանով, Շատ Նոր Կյանք գյուղի ավագանու անդամների կարծիքով, ԱՄՆ-ը դարձյալ որոշեց ցուցադրել ողջ աշխարհին յուր ռազմամոլ էությունը, ուրիշի բոստանը քար նետելու անթաքույց պատրաստակամությունը, խաղաղության եւ պտղաբերության մեծ՝ ինչպես բոլորս էլ տեսել ենք դեռ դպրոցական դասագրքերում, խորհրդանիշի վրա սեփական վետոն դնելու ամեն տեսակի փորձերը։
Եվ այդ ամենից հետո ԱՄՆ պետդեպարտամենտը դեռ մեղադրո՞ւմ է ինչ-որ բաներում մնացյալ աշխարհին։
Ամո՛թ է, պարոն նախագահ։ Եվ առավել ամոթ է, որ դրա համար ընտրեցիք Միքելանջելոյի գլուխգործոցը։
Շատ Նոր Կյանք գյուղի ավագանու նիստի քարտուղար
Ժյուլվեռն Չիբուխչյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Մարտի 21-ի համարում