Նովրուզին իրանցի զբոսաշրջիկների մեծ հոսք էր սպասվում, սակայն խնդիրներ են առաջ եկել

Այս թեմայով
- Հայաստանի տարածքում ապրիլի 13-ին երկու երկրաշարժ է գրանցվել
- Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամները հաջող մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում
- Բրազիլիան կարող է մեծ շուկա լինել հայկական հանքային ջրերի, ալկոհոլային խմիքչների ու սննդամթերքի համար
- Հայաստանի բասկետբոլի առաջնության եզրափակիչը կկայանա ապրիլի 18-ին
Այսօր հարևան Իրանում նշում են Նովրուզը, և ինչպես ամեն տարի, այս տարի ևս Հայաստանը հյուրընկալել է հազարավոր իրանցի զբոսաշրջիկների: Զբոսաշրջության պետական կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության պետ Գոհար Ալոյանի խոսքով՝ եթե նախորդ տարի Հայաստան են այցելել ավելի քան 220 հազար իրանցի զբոսաշրջիկներ, ապա այս տարի ակնկալում են ավելի մեծ թիվ: «Առհասարակ 2007-17թթ. զբոսաշրտության ոլորտում մենք ունեցել ենք կտրուկ աճ: Ներգնա զբոսաշրջիկների թիվը կես միլիոնից հասել է 1,5 մլն-ի: Իրանցի զբոսաշրջիկների թիվն էլ տարեկան ավելանում է 15-20 տոկոսով»,- ասաց Ալոյանը:
Նա նշեց, որ Զբոսաշրջության պետական կոմիտեն նախորդ տարի ակտիվ մարքետինգային ծրագիր է իրականացրել հարևան պետությունում, այդ թվում Հայաստան է հրավիրել Իրանի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներին և ծանոթացրել մեր երկրին: Իսկ Նովրուզին ընդառաջ նախապատրաստել և տպագրել են պարսկալեզու ֆլայերներ ու տեղեկատվական նյութեր, որոնք արդեն ուղարկվել են անցակետեր և կբաժանվեն իրանցի հյուրերին անմիջապես սահմանին: «Մեղրու անցման կետում, ինչպես նաև Ազատ տնտեսական գոտում գոծող զբոսաշրջային կենտրոնում դրանք կտրամադրվեն իրանցի զբոսաշրջիկներին: Բացի այդ այս օրերին գործում է 24-ժամյա պարսկալաեզու թեժ գիծ, ինչը լիակատար տեղեկատվություն է փոխանցելու մեր հյուրերին»,- ասաց նա:
Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանն էլ հայտնեց, որ մայրաքաղաքում գարնանային զբոսաշրջության խթանման համար առանձնահատուկ կարևորվում է իրանցի զբոսաշրջիկների դերը. «Հենց այդ պատճառով էլ քաղաքապետարանը համալիր զբոսաշրջային ծրագիր է մշակել, որն այսօր մեկնարկում է: Արդեն իսկ գեղեցիկ ավանդույթ է ձևավորվել, որ այս օրերին մայրաքաղաքի մուտքերում տեղադրվում են հայերեն, անգլերեն, պարսկերեն «Բարի գալուստ» գրառմամբ վպաստառներ: Երևան Սիթի տուր ավտոբուսն էլ, որն ունի պարսկերեն համակարգ, գործում է զբոսաշրջիկների համար»:
Օրբելյանը նաև հայտնեց, որ այսօր Պատմության թանգարանում բացվում է «Մշակույթների երկխոսություն» ցուցահանդեսը, որը ներկայացնում է իրանական մշակույթի յուրօրինակ նմուշները:
Հարևան երկրից ժամանող զբոսաշրջիկների տեղաշարժը մայրաքաղաքում ավելի հեշտացնելու համար էլ քաղաքապետարանը պարսկերեն լեզվով քարտեզներ է հրապարակել, որոնք կամավոր երիտասրադների միջողով կբաժանվեն զբոսաշրջիկներին:
Իրանից սպասվող զբոսաշրջային հոսքին էլ անդրադարձավ «Տաթև» տուրիստական ընկերության տնօրեն, իրանական «Ասեման», «Մահան», «Ղեշմ» ավիաընկերությունների հայաստանյան ներկայացուցիչ Առլեն Դավուդյանը: Ըստ նրա՝ ակնկալիքներն այս տարի շատ մեծ էին, սակայն Նովրուզից առաջ որոշ խնդիրներ ի հայտ եկան: «Իրանում դժվարացել է արտարժույթի ձեռքբերումը, բացի այդ էլ արտարժույթը մոտ 40 տոկոսով թանկացել է: Դրա հետևանքով բոլոր ուղղությունների վրա կան զբոսաշրջային հոսքերի նվազում: Երեք ամիս առաջ մոտ 116 չվերթի հայտ էր ներկայացվել այս 15 օրերի համար, սակայն արդեն 48 չվերթ չեղյալ է հայտարարվել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ցամաքային սահմանով տուրիստների տեղաշարժին, Դավուդյանը նշեց, որ այդտեղ էլ տարեկան կայուն աճ կա, սակայն պետք է մեծ աշխատանք տանել, քանի որ պոտենցիալն ավելի մեծ է: «Իրանը 70 միլիոնանոց շուկա ունի, հետևաբար մեծ պոտենցիալ կա այնտեղ: Օրինակ Վրասանի ուղղությամբ զբոսաշրջիկների հոսքը 3-4 անգամ ավելի է: Պատճառները շատ են, սկսած օդանավակայանի սպասարկումից մինչև հյուրանոցների հետ աշխատանքը: Օրինակ Վարստանում, երբ մեր ավիաընկերությունները դիմում են, զեղչեր են ստանում, սակայն Երևանում նման զեղչերի չես հանդիպի: Կարծում եմ այստեղ Հայաստանն անելիքներ ունի»,- նշեց Դավուդյանը:
Գոհար Ավետիսյան