Հայ-ամերիկյան առևտրային շփումներն ակտիվանում են

Մինչ Հայաստանը եւ ԱՄՆ¬ը քննարկում են առեւտրի եւ ներդրումների ընդլայնման հնարավորությունները, տարեսկզբին Միացյալ Նահանգներից ներմուծումը կտրուկ ավելացել է։ Նախորդ տարվա համեմատ ներկրումներն այս երկրից ավելացել են 4,2 անգամ։ Մեկ ամսվա ընթացքում Հայաստան է բերվել գրեթե 23,6 մլն դոլարի ապրանք։ Այն դեպքում, երբ անցած տարվա նույն ժամանակահատվածում ներմուծումը ԱՄՆ-ից եղել էր ընդամենը 5,7 մլն դոլար։
Թեպետ ակտիվացել են նաեւ հայկական ապրանքների մատակարարումները ամերիկյան շուկայում, այնուհանդերձ աճն այս դեպքում անհամեմատ փոքր է. տարեսկզբին ավելացել է շուրջ 18 տոկոսով։
Հայ-ամերիկյան առեւտրային հարաբերություններում ակտիվությունը սկիզբ էր առել անցած տարի։ Դա արտահայտվեց ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման տեսքով։ Հայկական ապրանքների մատակարարումները ամերիկյան շուկայում ավելացան 76 տոկոսով՝ հասնելով 68,5 մլն դոլարի (ներմուծումը ավելացավ 64 տոկոսով)։
Արդեն տարեսկզբին առեւտրային հարաբերությունների բացասական հաշվեկշիռը անցնում էր 4-ից։ Այլ կերպ ասած, ներմուծումը 4 անգամ գերազանցել է արտահանմանը։
Հավանաբար նաեւ այդ զարգացումներով են պայմանավորված ֆիզիկական անձանց դրամային փոխանցումների ոլորտում արձանագրվող տեղաշարժերը։ Ինչպես հայտնի է, զգալիորեն ակտիվացել է ֆինանսական միջոցների արտահոսքը Միացյալ Նահանգներ։ Անցած տարի տրանսֆերտային հոսքերը Հայաստանից ԱՄՆ գերազանցեցին 196 մլն դոլարը, ինչը 113 միլիոնով ավել էր 2016թ. ցուցանիշից։
Երկու երկրների միջեւ ֆինանսական հոսքերի առումով արձանագրված այս միտումը պահպանվել է նաեւ ընթացիկ տարեսկզբին։ Հունվարին Հայաստանից Միացյալ Նահանգներ կատարված փոխանցումներն աճել են ավելի քան 2,2 անգամ։ Եթե 2017թ. դրանք կազմել էին 5,7 մլն դոլար, ապա տարեսկզբին հասել են 13,6 միլիոնի։
Պետք է ենթադրել, որ տրանսֆերտային շուկայի այս դրսեւորումները կապված են նաեւ առեւտրային գործարքների եւ Միացյալ Նահանգներից ֆիզիկական անձանց կողմից Հայաստան իրականացվող ներմուծումների հետ։ Դա նկատելի է հատկապես տրանսպորտային միջոցների ներկրման ոլորտում։ Վերջին շրջանում ավելացել է այն քաղաքացիների թիվը, ովքեր հետաքրքրված են ամերիկյան շուկայից ավտոմեքենաների ներմուծմամբ։ Նշենք, որ անցած տարվա միայն առաջին կեսին գրեթե 5 անգամով ավելացել է ԱՄՆ¬ից տրանսպորտային միջոցների ներհոսքը։ Դրանց մաքսային արժեքը 1,8 մլն դոլարից հասել է 8,6 միլիոնի։
Հեղինակ՝ Ս. Բեգլարյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Մարտի 24-ի համարում