Ուտել մակարոն և չգիրանալ. գիտնականների նոր բացահայտումը

Մակարոնեղենի օգտագործումը չի հանգեցնում քաշի ավելացման և նույնիսկ կարող է թույլ տալ նիհարել: Այս եզրակացությանն են եկել կանադացի բժիշկները, ովքեր կատարել են 30 ուսումնասիրությունների մետաանալիզ, որոնց մասնակցել է 2,5 հազար մարդ, որոնք ածխաջրերի մեծ մասն ստացել են մակարոնից: Հետազոտվողներն ալյուրից պատրաստված արտադրանքի այս տեսակն օգտագործել են շաբաթը երեք անգամ, միջին չափաբաժինը կազմել է ստանդարտ չափի գավաթի մոտավորապես կեսը, գրում է EurekaAlert-ը։
Երեք ամիս անց գիտափորձի մասնակիցները միջին հաշվով 500-ական գրամ քաշ են կորցրել: Բժիշկների խոսքով՝ հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ մակարոնային արտադրանքը, հաշվեկշռված սննդակարգի զուգորդմամբ, չի նպաստում քաշի ավելացմանը է ճարպակալմանը: Գիտնականները դա բացատրում են այդ մթերքի ցածր գլիկեմիական ինդեքսով:
«Աշխատությունը ցույց է տվել, որ մարդը կարող է քաշի կորուստ ունենալ: Ուստի, հակառակ տարածված կարծիքի, մակարոնեղենը կարող է առողջ սննդակարգի մաս կազմել»,- ամփոփել է հետազոտության համահեղինակ դոկտոր Ջոն Սիվենփիփերը: