Ինչպես մտնել մայրաքաղաք՝ ճերմակ ձիու վրա

Եվ այսպես. երեկվանից հայրենի հեղափոխականները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, անցան ակտիվ գործողությունների։
Ինչպես ասել է նախագահ Մաոն մի առիթով. «Մարքսիզմն ունի հազարավոր ճշմարտություններ, բայց դրանք բոլորն էլ հանգում են մի արտահայտության. «Ապստամբությունը ճիշտ բան է»։ Այդ դիտանկյունից մերոնք դասական մարքսիստներ են։
Հուսանք, Փաշինյանը չի պատկերացնի իրեն Ստալին, որը 1942 թվականին արձակեց իր թիվ 227 հանրահայտ հրամանը։ Հիշեցնենք, այն ժամանակ ստեղծվեցին հատուկ ջոկատներ, որոնք գնդակահարելու էին նահանջող խորհրդային զինվորներին։ Այսպիսով մարտիկներին դնում էին հետաքրքիր այլընտրանքի առաջ. դիմացը գերմանական ավտոմատներն էին, թիկունքում՝ ռուսական գնդացիրները։ Ընտրիր՝ որն ուզում ես։
Ամեն դեպքում հեղափոխության առաջնորդին մնում է լուծել միայն մի քանի աննշան տեխնիկական հարցեր. սեղմ ժամկետներում անթերի կազմակերպել կենդանի ուժի մեծ քանակի (առնվազն 50 հազար սվին) փոխադրումը եւ ապահովել քաղաքական հետեւակին ծածկով, սնունդով ու հանդերձանքով։ Հստակ պահպանել հոգնածներին եւ թուլացածներին փոխարինող թարմ միավորումների տեղ հասցնելու գրաֆիկը, ծավալել հզոր ենթակառուցվածք. վրաններ, խոհանոցներ, արտաքնոցներ, տարբերանշաններ, ղեկավարման համակարգ եւ այլն։
Այսօր մի տեսակ անպարկեշտ է դարձել տալ այն հարցը, թե ինչպես ապահովել հազարավոր մարդկանց վրաններով, սնունդով ու անհրաժեշտ այլ բաներով՝ առանց որեւէ կազմակերպման եւ նախապատրաստության։ Ընդ որում՝ երբ առանց վերոնշյալ ամենի ունակ են գոյատեւել թերեւս միայն հրեշտակների լեգեոնները։
Փողոցային պայքարը, որի մասին այդչափ սիրում է դատողություններ անել Փաշինյանը, հնարավոր է միայն հմուտ մոբիլիզացման դեպքում, իսկ մոբիլիզացիան հնարավոր է միայն այն դեպքում, երբ մոբիլիզացնելու բան կա։ Իսկ երբ ոչինչ չկա, մնում է հիշել Վ.Ի.Լենինի «խաղ չանել ապստամբության հետ» խորհուրդը։
Այստեղ մենք ականատես ենք հաճախ միանգամայն բարեխիղճ անըմբռնողության, որ նման «պայքարը», ինչպես էլ դա կոչվի, միեւնույն է, մի շարք ընդհանուր բաներ ունի պատերազմի հետ։ Արդեն իսկ այն պատճառով, որ դա նույնպես կապված է մեծ զանգվածների շարժի հետ։ Իսկ շարժը իրենն է պահանջում։
Սկսել բանակի ստեղծումը X օրը, երբ այդ X օրը հենց ինքդ ես հայտարարում, անհնար է։ Ռազմական մեքենայի կորիզը պետք է գոյություն ունենա եւ գործի (զորավարժություններ, ուսուցում, կադրերի եւ պաշարների համալրում) նաեւ ամենաիսկական խաղաղ ժամանակներում։
Նույնն էլ՝ քաղաքական հետեւակի պարագայում, եթե սկզբունքորեն նախատեսվում է օգտագործել այն։ Բայց խաղաղ ժամանակների բանակը թաքցնել անհնար է, հետեւակը՝ նույնպես։ Դա կա՛մ կա, կա՛մ չկա, եւ այսօր հաստատ չկա։
Գագիկ Մկրտչյան
«Հայոց Աշխարհ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Ապրիլի 14-ի համարում