Թավշյա հեղափոխության բանաձևը

Երեկ՝ «Իմ քայլը» նախաձեռնության երթացույցային մարաթոնի երեւանյան էպոպեայի 5-րդ օրը, որ կազմակերպիչներն ակնկալում էին «վճռական» դարձնել, այնքան էլ խոստումնալից չսկսվեց գիշերը հրապարակում անցկացրած ցուցարարների համար։
Նիկոլ Փաշինյանի գլխավորած «քաղաքացիական անհնազանդության շարժման» հռչակած հիմնական նպատակը՝ պատգամավորների մուտքը Ազգային ժողով խոչընդոտելու եւ վարչապետի ընտրությունը տապալելու ծրագիրը ձախողվեց։
Պատգամավորները, այդ թվում՝ «Ելք» դաշինքի այն անդամները, որ այդպես էլ չցանկացան միանալ Նիկոլի հայտարարած փողոցային շարժմանը, շատ հանգիստ՝ առանց դիմադրության հանդիպելու, մտան խորհրդարան եւ զբաղեցրին իրենց տեղերը ԱԺ դահլիճում։
Ըմբռնելով իրավիճակի լրջությունը՝ ցուցարարները, որոնց թիվը նախորդ օրվա բուռն իրադարձություններից հետո զգալիորեն պակասել էր, սկսեցին «անկանոն շարժումներ անել» մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում։ Պռոշյան-Բաղրամյան խաչմերուկի մոտ՝ փշալարերի դիմաց, սովորության համաձայն, պառկելացույց էր անում Վարդգես Գասպարին։ Ինչպես հայտնի է, դա պարոն Գասպարիի սիրած զբաղմունքն է՝ նախօրեին նրան հաջողվել էր, օգտագործելով այդ հնարքը, ստիպել, որ ոստիկանները բացեն ճանապարհը՝ թույլ տան տուն գնալ, եւ այս դեպքում էլ հույս ուներ համոզել ոստիկաններին, որ հավաքեն փշալարերը եւ չխոչընդոտեն ԱԺ «շրջափակման» գործողությունը։
Ընդհանուր առմամբ իրավիճակը քաոսային էր. քանի որ գործողությունները ծավալվում էին քաղաքի տարբեր հատվածներում, իսկ ակցիաների գլխավոր կազմակերպիչը՝ Նիկոլ Փաշինյանը, չէր կարող լինել միաժամանակ բոլոր թեժ կետերում, ոչ մեծ խմբերով այսուայնտեղ իրականացվող «գրոհային» գործողությունները առավելապես ինքնահոսի էին մատնված. ով ինչ ուզում՝ անում էր, զայրացած ինչ-որ բաներ ասում, հաճախ՝ անպտուղ բանավեճի մեջ մտնում ոստիկանների հետ։ Ժամանակ առ ժամանակ լուրեր էին տարածվում ցուցարարների բերման ենթարկվելու մասին։ Դա ավելի էր գրգռում հավաքվածներին։
Հեղինակ՝ Լիլիթ Պողոսյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Ապրիլի 18-ի համարում