Հանուն մեդալների և ուղեգրերի

Իտալիայի Ռոզետո դելի Աբրուցի քաղաքում մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցող 40 երկրների մարզիկ-մարզուհիները մեդալներից բացի վիճարկելու են տարիքային այս խմբի համաշխարհային ստուգատեսի եւ աշնանը նախատեսված պատանեկան օլիմպիադայի ընդհանուր առմամբ 122 ուղեգիր:
Տղաների 10 քաշային կարգերից յուրաքանչյուրում խաղարկվելու է 7 ուղեգիր՝ հանրագումարում 70-ը: Մնացած 52-ը տարբեր համամասնությամբ բաշխվելու է աղջիկների 10 քաշային կարգերում: Ավելի քան մեկշաբաթյա մրցակցության ընթացքում ռինգ է դուրս գալու 130 մարզուհի եւ 228 մարզիկ:
Առաջնության պաշտոնական կայքում զետեղված տեղեկատվության համաձայն, Հայաստանը ներկայացրել է տղամարդկանց ամբողջական թիմ՝ Սեյրան Եղիկյան (46-49 կգ քաշային կարգ), Արթուր Բազեյան (52 կգ), Ռաֆայել Հակոբյան (56 կգ), Արմեն Ալոյան (60 կգ), Բենիկ Նիկողոսյան (64 կգ), Վախթանգ Հարությունյան (69 կգ), Ռաֆայել Հովհաննիսյան (75 կգ), Գոռ Ներսիսյան (81 կգ), Մանուկ Խաչատրյան (91 կգ) եւ Արման Մնացականյան (91 կգ-ից բարձր): Աղջիկների մրցաշարում մեր երկիրը ներկայացնելու է միայն Կարինե Սարգսյանը (52 կգ): Այդ քաշային կարգում խաղարկվելու է 8 ուղեգիր:
Հայ մարզիկներ են հայտավորված եւս 5 երկրների թիմերում. Բորիս Ղարիբյանը (52 կգ, Ռուսաստան), Նիկոլայ Տերերյանը (Դանիա, 60 կգ), Արման Դաբաղյանը (64 կգ, Լեհաստան), Դավիթ Կոշչյանը (75 կգ, Հունգարիա), Մարատ Գրիգորյանը (91 կգ, Ուկրաինա) եւ Նունե Ասատրյանը (60 կգ, Ռուսաստան):
Հեղինակ՝ Հրայր Նազարյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Ապրիլի 18-ի համարում