Ամեն ինչ լավ է, քանի դեռ օրենքի շրջանակից դուրս չէ

«Խորհրդարանն առաջին անգամ ընտրեց վարչապետին. եւս մի քանի քայլ, եւ խորհրդարանական համակարգը լրիվ կգործի։ Նախ՝ վարչապետը պետք է ձեւավորի իր կառավարությունը, կառավարությունը ներկայացնի իր գործունեության ծրագիրը եւ ստանա հավանություն խորհրդարանի կողմից։ Դրանից հետո համակարգը, կարելի է ասել, ամբողջությամբ ձեւավորված կլինի»,- «Փաստարկ» ակումբում հայտարարեց երեկ ԱԺ ֆինանսաբյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ՝ ասելով, որ տպավորված է նորընտիր վարչապետին տրված վստահության քվեով։
Շատ կարեւոր է, ըստ նրա, որ ընդդիմադիր գործիչների մի մասը ներկա էր եւ հնարավորություն ունեցավ հարցեր տալու վարչապետի թեկնածուին ու ստանալու պատասխաններ. «Կարեւոր էր նաեւ, որ ընտրված վարչապետն իր եզրափակիչ ելույթում շեշտեց՝ ընդամենը երկու տարի հետո բոլոր այն մարդիկ, որոնք կասկածի տակ են առնում խորհրդարանական համակարգին անցնելու արդյունավետությունը, իրենց փորձով կհասկանան, որ խորհրդարանական կառավարման համակարգը չափազանց տարբերվում է նախագահական կամ կիսանախագահական համակարգից:
Կիսանախագահականում նախագահը չուներ խորհրդարանի հետ անմիջական շփումներ ունենալու, խորհրդարանական գործընթացի կանոններին ենթարկվելու, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին մասնակցելու պարտավորություն»:
Անդրադառնալով վերջին օրերին Երեւանի կենտրոնական փողոցներում ծավալվող «հեղափոխական զորաշարժերին»՝ Գ.Մինասյանը նորմալ համարեց, որ քաղաքացիների մի մասը արձագանքել է Փաշինյանի կոչերին եւ փորձում է իրացնել իր իրավունքները. «Ժողովրդավարական երկրներում այնպես չի լինում, որ իշխանության կողմից իրականացվող քայլերն ընդունելի կամ ընկալելի լինեն հասարակության բոլոր շերտերի համար։ Լինում են շերտեր, որոնք չեն համակերպվում պրոբլեմների հետ, դուրս են գալիս փողոց եւ իրենց բողոքն են արտահայտում օրենքով սահմանված կարգով։
Այս օրերին ե՛ւ ընդդիմության մեր գործընկերների, ե՛ւ իշխանության ներկայացուցիչների գործողությունները հույս են ներշնչում, որ ամեն ինչ կմնա օրենքի սահմաններում: Իսկ օրենքի սահմաններում ամեն մի դրսեւորում, այդ թվում՝ ցույցեր, հանրահավաքներ, ոչ միայն ընդունելի են, այլեւ ողջունելի, որովհետեւ դա ժողովրդավարական գործընթացների անբաժան մասն է»։
Հեղինակ՝ Լիլիթ Պողոսյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Ապրիլի 19-ի համարում