Ինչո՞ւ է Տաջիկստանի նախագահի մատուցած ընթրիքին Նիկոլ Փաշինյանը նստել սեղանի ծայրին. Tert.am

Սեղանին ԱՊՀ երկրների ղեկավարները այբբենական կարգով են նստած․ Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ պարզաբանելով, թե ինչու է Դուշամբեում ԱՊՀ երկրների ղեկավարների պատվին Տաջիկստանի նախագահի տված ընթրիքին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նստել սեղանի ծայրին:
«Քանի որ երկու Ա-ով երկիր կա, և հավասարություն պիտի պահպանվեր, ոչ թե մեկով սկսեր, մյուսով ավարտվեր, երկու Ա-ով սկսվողներին նստեցրել են սեղանի գլխին»,- ասաց նա:
Սեղանի մյուս ծայրին, ըստ նրա,պետք է նստեր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով ավելի ուշ է միացել ներկաներին:
Նկատենք, որ նկարում երևում է, որ Նիկոլ Փաշինյանի դիմաց՝ սեղանի հակառակ ծայրին, դրված է ափսե:
Նշենք նաև, որ վերոնշյալ ընթրիքի լուսանկարը ակտիվորեն տարածվում է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, օգտատերերը նկատում են, որ Նիկոլ Փաշինյանը նստած է ծայրում՝ մեկուսացած ընթրիքին հրավիրված երկրների առաջնորդներից:
Քանի որ ընթրիքի մասին պատմող լուսանկարում երկրների առաջնորդներն ըստ այբբենական կարգով չեն նստած, Tert.am-ը դիմեց ՀՀ ԱԳՆ-ին լրացուցիչ պարզաբանման համար, ինչին ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը ներկայացրեց, որ սովորաբար նման դեպքերում այբբենական կարգով են երկրների առաջնորդները սեղանի շուրջ նստում: Իսկ թե ինչ սկզբունքով են որոշել, թե նշված ընթրիքի ժամանակ որտեղ նստեն երկրի առաջնորդները, ըստ Տիգրան Բալայանի, կարող է պատասխանել Տաջիկստանը: «Այբբենական կարգը չի պահպանվել, ըստ երևույթին, դա հենց հավասարություն պահպանելու համար է արվել»,- ասաց նա: