Երիտասարդների համար չեն ստեղծվել նոր հնարավորություններ և այս առումով շատերի մոտ ձևավորվել է խաբված լինելու զգացողություն

ՀայՄեդիա.am-ի զրուցակիցն է Գարիկ Ուրումյանը՝ Ռեֆորմիստների կուսակցության երիտթևի ղեկավարը:
- Բարև ձեզ
- Բարի օր
- Սկսենք անցյալ տարի մեր երկրում տեղի ունեցած իրադարձություններից և դրանցում երիտասարդության դերից: Ձեր կարծիքով ինչպիսի՞ հույսեր ուներ հայ երիտասարդությունը կապված թավշյա հեղափոխության հետ:
- 2018 թվականի գարնանը Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների մեջ երիտասարդության մասնակցությունը շատ մեծ էր: Այն ուժերը, որոնք կանգնած են այսպես ասած հեղափոխության հետևում, լիարժեք օգտագործեցին երիտասարդության գործոնը իրանց նպատակներին հասնելու համար: Անցյալ տարվա իրադարձությունները մեր երկրի երիտասարդությանը հույս ներշնչեցին, որ այն ներուժը, որը ունի հայ երիտասարդությունը, ավելի ակտիվ և իր ամբողջ ծավալով կծառայեցվի մեր հայրենիքի պայծառ ապագան կերտելու համար: Նշեմ նաև, որ իրականում երիտասարդների որոշ զանգվածը անցյալ տարի դուրս էր եկել փողոց ոչ թե նախորդ իշխանությունից դժգոհ լինելու պատճառով և ինչ որ բան փոխելու ցանկությամբ, այլ ուղակի հաճույքի համար: Նրանց ներկայությունը ձևավորեց փողոցում մեծ քանակ, որը միացավ համախմբված ժողովրդին և տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ:
- Այսօր Հայաստանի երիտասարությունը իր ողջ պոտենցիալով մասնակցում է՞ երկրում տեղի ունեցող բոլոր գործընթացներին, ինչը չկար նախկինում:
- Իհարկե չէ, նախկինում նույնպես երիտասարդությունը բավականին լայն ներգրավվածություն ուներ բոլոր գործընթացներում, դաշտը ազատ էր և ավելի ակտիվ մասնակցություն ունենալու ցանկացողը կարող էր գտնել այդ հնարավորությունը: Հայաստանի նոր իշխանությունը բազմիցս հնչեցրել է երիտասարդության ներուժի ավելի ակտիվ օգտագործման անհրաժեշտությունը բոլոր ոլորտներում, բայց էսօր մենք ունենք հետևյալ պատկերը՝ երիտասարդների թվացյալ ակտիվ ներգրավվածությունը տարբեր գործընթացներին իրականում խիստ սահմանափակ ա, եթե դու ակտիվորեն չես քայլել և չես գոռացել նախապես մշակված կարգախոսներ, ապա շատ քիչ հավանական ա, որ նույնիսկ ունենալով գիտելիքներ և որակավորում, դու կստանաս հնարավորություն որևէ կերպ մասնակցելու քիչ թե շատ լուրջ գործընթացներին: Բացակայում ա երիտասարդության հիմնախնդիրներին վերաբերող պետական դոկտրինը: Նույնիսկ եթե ուսումնասիրենք «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրը, ապա կտեսնենք, որ երիտասարդությունը այնտեղ հիշատակվում ա 4 անգամ, ընդ որում հիշատակումներից մեկը վերաբերում ա երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարաններ ապահովելուն, ինչը նոր բան չի, այդպիսի ծրագիր իրականացվում ա արդեն տարիներ շարունակ: Երիտասարդության հարցերով զբաղվում ա մի նախարարություն, որը պատասխանատու ա 5 խոշոր ոլորտների համար և ես չեմ համարում, որ այդ ձևաչափով կարելի ա արդյունավետ աշխատել: Ըստ էության, երիտասարդների համար չեն ստեղծվել նոր հնարավորություններ և այս առումով շատերի մոտ ձևավորվել ա խաբված լինելու զգացողություն:
- Հասկանալի է: Կմանրամասնեք, ինչպիսի՞ զարգացումներ են կանխատեսվում, մասնավորապես գալիք աշնանը:
- Մենք լսելու ենք բոլորին, և միասին, առկա բոլոր խնդիրները փորձելու ենք մաքսիմալի հասցնել: Մենք՝ երիտասարդներս, հավասար ենք լինելու. և բոլորս ունենալու ենք այն փոքր քարը, որով կառուցելու ենք բարեկեցիկ Հայաստան: Չեմ սիրում խոսամ մի բանի մասին, որը դեռ չեմ իրագործել, կխոսեմ, երբ փոքր, բայց ուժեղ քարը ձեռքումս լինի:
- Շնորհակալ եմ հարցազրույցի համար:
- Ես եմ շնորհակալ:
ՀայՄեդիա.am