Հրաժարականներ շքերթը ուժային կառույցներում

Երկու օր առաջ՝ ԱԱԾ Տնօրենի հրաժարականը, այսօր՝ Ոստիկանապետինը... Փաստորեն վերջին ժամերը Հայաստանի Հանրապետությունը ապրում է առանց երկու առանցքային ուժային կառույցների ղեկավարների: Սա ինքնին վտանգավոր իրավիճակ է: Բայց եկեք փորձենք հասկանալ, թե որտեղ է թաքնված շան գլուխը: Անկախ անձնական վերաբերմունքից, պիտի փաստենք, որ թե Արթուր Վանեցյանը և թե Վալերի Օսիպյանը համակարգում երկար տարիներ աշխատելու փորձ ունեն, իրենց դրսևորել են որպես արժանապատիվ սպաներ և նույնիսկ վերջին 14 ամիսների ընթացքում, երբ բացահայտվեցին շատ-շատերի իրական դեմքերը, նրանք պահպանեցին հավասարակշռությունը և ողջամտությունը: Այս ամենը հաշվի առնելով, համոզված են, որ մեզանից յուրաքանչյուրին հետաքրքրում է մեկ հարց՝ ինչպիսի պայմաններ են դրվել նրանց առջև, որ իրենք չեն ցանկացել շարունակել աշխատել ներկա իշխանության հետ և գերադասել են չվերցնել իրենց վրա այնպիսի պատասխանատվություն, որը հետևանքները անխուսափելի են լինելու: Հաջորդ անհանգստացնող հանգամանքը՝ ինչո՞ւ է այս հրաժարականների շքերթը սկսվել հենց ուժային կառույցներից: Դրա պատասխանը գիտի միայն վարչապետի պաշտոնը զբաղեցնող գլխավոր խմբագիրը, մենք կարող ենք ընդամենը ենթադրել, որ այդ կառույցները հանդիմանում էին իրեն և փորձում էին իրեն պահել ողջամտության տիրույթում: Ավելին, այս հրաժարականները, կարծում եմ, անակնկալ չէին նաև ԱԺ-ի համար, քանի որ դեռ սեպտեմբերի 13-ին Արարատ Միրզոյանը փայլեց Ազգային Ժողովում իր երկակի ստանդարտների սկզբունքին հավատարմությամբ և հայտարարեց, որ թեև նախկինում իրենք դեմ էին, երբ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը առաջարկում էր, որ ԱԱԾ պետն ու ոստիկանապետը նախարարներ լինեն, լինեն կառավարության անդամ, որ նաև հարցուպատասխանի ժամանակ գան, նստեն, ու հարցեր ուղղենք նրանց, բայց հիմա դեմ չեն և բերված փաստարկները ընդունելի են: Մասնավորապես նա ասաց հետևյալը՝ ՙՙՔաղաքական պատասխանատվություն դնելու հարց է, եթե մենք պատասխանատու ենք առողջապահության համար, ինչո՞ւ չպետք է ընդունենք ոստիկանության համար, ինչքա՞ն կարող ենք ասել ոստիկանությո՞ւնը, չէ….մեզնից մեկը պիտի դառնա ոստիկանապետ՚՚: Ըհը, հասանք բուն թեմային: Այս պարագայում ամենակարևոր հարցն այն է, թե ով է գալու փոխարինելու ԱԱԾ տնօրենին և Ոստիկանապետին: Ըստ էության փորձ է կատարվում այս ուժային պաշտոնները դարձնել քաղաքական, որպեսզի իշխող ՛ժողովրդի ծառաները՛ ցանկացած պահին կարողանան ճնշում գործադրել ուժային կառույցների նկատմամբ: Այդ է պատճառը, որ դրված է նպատակ ուժայիններին բերել Կառավարության կազմ և հնազանդեցնել վարչապետին: Սա հատկապես ուշագրավ է Ամուլսարի շահագործման դեմ բողոքի ցույցի նախօրեին, երբ Վանաձորում Փաշինյանը՝ տարընթերցման տեղ չթողնելով, հայտարարեց, որ հանքը պիտի շահագործվի և կա վարչական դատարանի որոշում փակված ճանապարհները բացելու վերաբերյալ: Բա բռնապետությունը էլ ինչպե՞ս է լինում:
Բայց արդյո՞ք ուժային կառույցների ղեկավարների պաշտոններում քաղաքական և քաղաքացիական անձանց նշանակումը չի հանգեցնի այդ կառույցենի ներսից քայքայմանը: Չէ՞ որ այդ դեպքում սա կլինի ոչ միայն բարձրաստիճան սպաների արժանապատվության և ուսադիրների հարցը, այն նաև սերժանտների և շարքային օպերլիազորների արժանապատվության հարցը...
Եթե այս հրաժարականների շքերթին միանա նաև Պաշտպանության նախարարի հրաժարականը, մենք կկանգնենք շատ լուրջ խնդրի առաջ:
Ավելին, եթե ըստ շրջանառվող տեղեկությունների, Ոստիկանապետի պաշտոնը պիտի նվիրեն սոցիալական ցանցերում որպես «Նավակ Ճոճողը» ներկայացող քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանին, ապա ինչպես որ ասում են՝ no comment:
Այստեղ կա ևս մեկ հարց՝ ԱԺ-ում միմյանց հաջորդող հրաժարականների արդյունքում առառջացած թափուր տեղերի առումով: Բա իրե՞նց ով պիտի փոխարինի: Կադրերի սակավության արագայում կարելի է սպասել ամենազավեշտալի նշանակումների...
Նատալյա Սաղիյան